38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԿԱՊՈՒՅՏ ՁԻԱՎՈՐԻ» ԿԵՍԴԱՐՅԱ ԹԱՏԵՐԱՐՇԱՎԸ

«ԿԱՊՈՒՅՏ ՁԻԱՎՈՐԻ» ԿԵՍԴԱՐՅԱ ԹԱՏԵՐԱՐՇԱՎԸ
24.09.2010 | 00:00

«Հանձին Հակոբ Ազիզյանի` Կիրովականի թատրոնն ունի մի դերասան, որի վրա պիտի հատուկ շեշտ դնել, նրա համար բեմադրություններ անել»։
Ռուբեն Զարյան

ՂԱՐԱՆԼՈՒՂԻ «ՏԱՐԶԱՆԸ»
Մեծ եղեռնից մազապուրծ ալաշկերտցի նախնիների հոգնաբեկ գաղթասայլերը կանգ էին առել Սևանի ավազանում գտնվող Վերին Ղարանլուղի (թուրք.` «մութ, սև ձոր») ամայի տեղանքում։ Ձկնառատ գետակի ափին նոր` Գեղհովիտ բույն էին հյուսել։ Աշխարհի խելահեղ եռուզեռին անտեղյակ այդ գյուղում 1938-ին ծնված, չորս տարեկանում մորը կորցրած ՀԱԿՈԲ ԱԶԻԶՅԱՆԸ չէր էլ կարող երևակայել, որ, գեղջկական չարքաշ կենցաղը գունազարդող նախնիների երգեցիկ հրաշապատում հեքիաթներից բացի, գոյություն ունեն հոգևոր-մշակութային այլ արժեքներ։ Քաղաքակրթության ծվենները վայրի բնության հետ ընկերացած մանկան կյանք ներթափանցել են դպրոցում, ուր ով մի քիչ հայերեն գիտեր` մայրենի լեզու էր դասավանդում, ով Գերմանիայում գերի էր ընկել` օտար լեզու։ Դրսի աշխարհի հետ միակ կապը ռադիոն էր։ Ապա գյուղական ակումբում սկսեցին երբեմն կինոժապավեններ ցուցադրել։ Առաջին ամենացնցող տպավորությունը հանրահայտ «Տարզան» ֆիլմը թողեց։ Ի հայտ եկած նկարչական ձիրքով անհամար տեսարաններ պատկերեց ինչով պատահի` մատիտով, թանաքով։ Շրջապատի մոտ 20 երեխաների առաջնորդը դարձած` սուրաց, փոշի բարձրացնելով երևակայական ջունգլիներում` չար ուժերի, գիշատիչ կենդանիների դեմ «տարզանյան» անվերջանալի «կռիվներ մղելով»։ Ի՜նչ ոգևորությամբ էր հավատարիմ կապիկ Չիտայի «դերն» ստանձնած հարևանի հաշմանդամ տղան սրընթաց չորեքթաթում Հակոբի կռինչի ուղղությամբ։ Նկարելու անհագ պահանջը գաղտնածածուկ բավարարելու հնարքներ գտնելով` շուտով մեծերի ուշադրությանն արժանացավ։ Լավագույն աշխատանքներից քսանն ընտրեցին ժողարվեստի ինչ-որ ցուցահանդեսի համար, բայց դրանց ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։ Նշանակություն չտալով դրան` սկսեց ավելի լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ, անցավ ջրաներկին ու յուղաներկին։ Ջոն Վայսմյուլերի Տարզանին «փոխարինելու» եկավ Ռաջ Կապուրի Թափառաշրջիկը, որի սիրելի պատկերը դաջված մնաց «տարզանյան շքախմբի» տղաների ձեռքերին։ Դիտելով Հակոբի «բացօթյա ելույթները»` ակումբում ինքնագործ թատերախմբակ կազմակերպողները բարետես պատանուն ընդգրկեցին իրենց բեմականացումներում։ Մոռացվեցին շուտով պիեսի հեղինակն ու դիպաշարը, բայց չլռեցին ծափերը` հղված բանտարկյալի զոլավոր հանդերձանքով զվարճախոս հերոսին։ «Թատրոն-թատրոն» էին խաղում նաև անզուգական հեքիաթասաց Շահեն պապի տանը` հատվածներ «բեմադրելով» Թումանյանից։
Շրջկենտրոնում միջնակարգն ավարտելուց հետո երեք ընկերներով Երևան են ուղևորվում` քարտաշ-որմնադիրների դասընթացների հայտարարությունը կարդալով։ Ստացած կրթությամբ անվստահ էր զգում թատերական ինստիտուտ ընդունվելու մասին երազել անգամ։ Դիմում է Երևանի ակումբագրադարանային տեխնիկում, որի «ինքնագործ թատերախմբերի ռեժիսուրա» բաժնում, բազմափորձ ու բծախնդիր Վրույր Մանվելյանից ու Ցոլակ Նիկողոսյանից, ովքեր հիմնադիր կազմում էին ինստիտուտի, անփոխարինելի դասեր ստանալով` արվեստների իսկական ակադեմիա է անցնում, երգ ու պարի տիրապետում, թառ նվագել սովորում։ Ակումբային գործն էլ է յուրացնում։ Հղկելով բեմական խոսքը` երկրորդ կուրսում արդեն առանձին ելույթներ է ունենում, ասմունքում «Սասունցի Դավիթ», «Մծիրի», «Դևը», «Լոռեցի Սաքոն»... Կուրսային բեմադրություններում (Չեխովի «Արջը»-Սմիռնով, Մանվելյանի դրամատուրգիական փորձերը) բնատուր ունակությունները բացահայտելիս Մանվելյանից «Ողբերգու» մականունն է ստանում` դրամատիկական կերպարներով հրապուրվածության ու ինքնամփոփ բնավորության բերումով։ Երբ 18 տարեկանում հաջողությամբ վերափոխվում է զառամյալ ծերունու` Ավագ որսկանի (Մանվելյանի «Լալվարի որս»-ում` նրա իսկ ղեկավարած Լուսաշխի տան ժողովրդական թատերախմբում), փարատվում է վախվորածությունը։ Տեխնիկումը գերազանցությամբ ավարտելով` 1958-ին միաժամանակ դիմում է թե՛ թատերական ինստիտուտ, թե՛ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ Եվ` միաժամանակ ընդունվում։ Վահրամ Փափազյանի կենդանի կախարդանքով նախընտրում է թատրոնում հաստատվելը։
ՆՈՐԵԿԸ` «ԴԻՄԱՑԻՑ»
Քննական «Լոռեցի Սաքո»-ով ի սկզբանե սիրելի է դառնում Էլզա Գյուլեսերյանին, ով հորդորում է ինստիտուտից հետո Լենինգրադում վերապատրաստվել ու իր հանգույն «բեմական խոսք» դասավանդել ապագա թատերասերնդին։ Անբաժան ասմունքից (միջբուհական ուսանողական հավաքներ, առանձին կոմպոզիցիաներ)` առավելապես անսամբլային թատերարարմամբ է տարվում։ Համալսարանական մի հանդիպման ժամանակ, լսելով Ազիզյանի մատուցած հատվածը Աբովյանի «Վերքից», պաշտելի Վահրամ Փափազյանը նկատում է նրա շնորհքը. «Դու ապագա ունես, տղաս»։ Վաթսունականների «ձնհալային» ստեղծագործական զարթոնք ապրող մայրաքաղաքային թատերական կյանքում գլխովին ընկղմված` ակտիվորեն մասնակցում է ուսանողական բոլոր բեմադրություններին։ Հրաչյա Ղազարյանի հետ զուգահեռ դերակատարումներ է պատրաստում. Դոն Մանուել-Դոն Խուան («Տիկին անտեսանելի»), Սերեբրյակով-քեռի Վանյա («Քեռի Վանյա»)։ Դիպլոմային «Պեպո»-ում նրանց Պեպո-Զիմզիմով կրկնակ դերախաղերը տեսնելով` Վավիկ Վարդանյանը հաջողված է համարում Հակոբի երկու կերպավորումներն էլ։ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում թիֆլիսահայ բարբառի նրբերանգները յուրացրած ու դերասանական շնորհները բավականաչափ զարգացրած Ազիզյանի տպավորիչ նկարագրով Պեպոն չի վրիպում նաև Վարդան Աճեմյանի ու Հրաչյա Ղափլանյանի ուշադրությունից։ Մինչ նրանք մտմտում են Մայր թատրոնում կամ կազմավորման շեմքին հասած Դրամատիկականում տաղանդավոր երիտասարդին ներգրավելու հնարավորության շուրջ, դեռևս տեխնիկումում երգչախմբավար Սիլվայի հետ ընտանիք կազմած ու առաջնեկով` Արթուրով, վաղուց հայրացած Հակոբ Ազիզյանն ընդունում է Կիրովականի թատրոնի տնօրեն, թատերագետ Վազգեն Կարապետյանի` կանոնավոր կեցություն ու բեմել ապահովող հյուրընկալ առաջարկը։ Երբ լսում է` կապրես «Դիմացում», կարծում է` թատրոնի շենքի դիմաց են բնակարան հատկացրել իրեն։ Շուտով անծանոթ քաղաքն ու նրա մարդիկ այնքան են հարազատանում, որ մերժում է մայրաքաղաքային հրավերները։ Դերերի անակնկալ տեղատարափը, դերասանախմբի ավագների (Մարգարիտ Տիրոսյան, Վոլոդյա Գրիգորյան, Սուրեն Հովհաննիսյան, Աշոտ Գևորգյան...) հուսալի խաղընկերությամբ ու գլխավոր ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանի և վաղամեռիկ Կարապետյանին փոխարինած Առնոլդ Մարտիրոսյանի համադաշն ուղղորդմամբ` լիարյուն մերվում է աշխույժ աշխատանքային ռիթմին ու գործնականում կռում կատարողական ունակությունները։ Խարխլելով «երիտասարդ սիրահարի» ամպլուայի կարծրատիպը` թատրոնի դերասան, դրամատուրգ Գևորգ Գևորգյանի «Կապույտ ձիավորը» պիեսի (Ստ. Զորյանի «Ամիրյանների ընտանիք»-ից ազդված) աքմաքչյանական բեմադրատեսիլքով ծնված ներկայացման մեջ, Մուշեղ Աֆրիկյանի գլխավոր դերակատարմամբ, փայլուն հաղթանակ արձանագրում` համաքաղաքային համակրանք նվաճելով։ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակին նվիրված փառատոնում «Կապույտ ձիավորն» առաջին մրցանակ է ստանում։ Նորեկ դերասանի համար սկսվում է հանդիսատեսային բուռն երկրպագության ժամանակաշրջան։ Երիտասարդները ձգտում են նրա «Կապույտ ձիավոր» մականվանյալ հեղափոխականին նմանվել, աղջիկները ողողում են ծաղիկներով ու սիրային նամակներով, տարեցները` ծնողական ջերմությամբ։ Խաղացանկային ծանրությունը կրելու այդ լուրջ հայտով դիմավորում է Արմեն Գուլակյանի ռեժիսորական կուրսն ավարտած Մայիս Ռաֆայելյանին` ալաշկերտցիների մեկ այլ շառավղի, ում հետ մտերմացել էր տեխնիկումում ուսանելիս։ Միասին ստեղծագործելով ութ տարի («ՈՒշահաս սերը»-Նիլով, «Մի բուռ մանրուք»-Լասլո` միակ բացասական տիպը, «Քո քեռի Միշան»-Բորիս և Միխայիլ Երմակով)` միահավասար կիսում են բախտի պարգևներն ու քամահրանքները` պատվավոր կոչումները, գիտական աստիճանները և... անձնական ողբերգությունը` առաջնեկների կորուստը։ Եզակիներին տրվող բեմական երջանկությամբ` Հակոբ Ազիզյանն այլևս չի իջնում աստղաթռիչ հաջողության նժույգից։
1968-ին Բագրատ Հովհաննիսյանի նկարահանած «Չախ-չախ թագավորը» կինոալմանախի «Աղքատի պատիվը» (Սիմոն) ի հայտ է բերում Ազիզյանի դերամարմնավորման ներուժի նոր շերտեր։ Կինոդերասան Հակոբ Ազիզյանի խոշորագույն հաղթանակն է դառնում ողբերգական սիրո խաչակիր Երանոսը (ռեժիսոր` Արման Մանարյան) Սոս Սարգսյանի (ՈՒստա Մկրտիչ) խաղընկերությամբ։ Լռությունն իմաստավորելու բացառիկ ունակությամբ` փնտրված դերասան է դառնում մի շարք կինոբեմադրիչների համար։ «Փոքրիկ Հայաստանում մեծ արտիստների շարքը համալրվում է երիտասարդներով»,- ամփոփում է «Հնձան»-ում նրա հետ համագործակցությունը հանրահռչակ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին։ Զուսպ արտահայտչականությամբ, ներազդու, խոհուն հոգեբանական խաղով ու անդուլ ստեղծագործական եռանդով նորանոր հերոսների է բեմական կյանք պարգևում` ձգտելով համոզիչ բնութագրականության։ Աճեմյանական «Նամուսի» սերնդափոխության արժեքավորությամբ է բեմ բարձրացնում Աքմաքչյանը «Պեպոն»` Հակոբ Ազիզյանի գլխավոր դերակատարությամբ։ Նրա տարերքը ինքնազոհողության գնացող համարձակ կերպարներն էին (Արթուր- «Բոռը», Մակդուֆ-«Մակբեթ», Նախերգակ - «Անտիգոնե»)։
Ճանաչված ու սիրված էր արդեն, երբ 1973-ին նորավարտ երիտասարդների խմբով թատրոն մուտք գործեց նորանշանակ գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը։ Խաղացանկային քաղաքականության կրողները դարձան խումբը համալրած նորերն էլ։ Սերնդափոխությամբ թատրոնն առույգացավ` իսպառ թոթափելով գավառայնությունը, ինչը մինչ այդ հազվադեպ էր հաջողվում։ Մյուզիքլներ բեմ բարձրացան` աշխույժ երգ ու պարով, զվարթ կատակերգություններ` դրամատիկ անցումներով։ Շրջադարձային եղան հասարակության պարկեշտության սին դիմակը պատռող Թափառաշրջիկի (Վ. Էֆտիմիու, «Մահ տեսած մարդը») և ջինջ ու պայծառ էությամբ շրջապատից ծիծաղելիորեն տարբերվող նորահայտ Գրիքոր Թեյմուրազի (Ն. Դումբաձե, «Մի վշտանա, մայրիկ») բնութագրական դերակատարումները Ազիզյանի արտիստական խաղացանկում։ Նոր վերելքի նախանշան` «մինչև ուղն ու ծուծը ապականված հայկական Դոն Ժուան» Արկադի Սամսոնյանը (Սունդուկյան, «Ամուսիններ»)։ «Ազիզյանի սլացիկ հասակը, սուր դիտողականությունը, վառ երևակայությունը, հնչեղ ձայնը, տեմպերամենտը, զգացմունքներով հարուստ հուզաշխարհը հավաստում էին, որ նա ծնված է բեմարվեստի համար... Դերակատարումներում նկատելի է նրա վերաբերմունքը կյանքի, աշխարհի անցուդարձի, իր ժողովրդի ճակատագրի ու պատմության հանդեպ։ Նրա տաղանդի ձևավորման գործում մեր համեստ ներդրումն ունենք ես և մեր նորօրյա թատրոնի քաջակորով բեմադրիչ Վահե Շահվերդյանը»,- յուրովի արժևորում է Սոկրատ Աքմաքչյանն արտիստի տասնամյա արարումը։
Բարբառների ուսումնասիրությամբ «Խոսքի մշակույթ» դասավանդելով տեղի մանկավարժական ինստիտուտում` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1975 թ.), դոցենտ (այժմ` պրոֆեսոր) Հակոբ Ազիզյանը շուտով մեծ ճանաչում գտավ համամիութենական թատերաբեմում` բարոյապես մարդանալու ունակ Միքայել Ալիմյանով («Քաոս», 1977 թ.), արիակամ հայորդի ու անբասիր Մարդ-մտավորական Ստեփան Շահումյանով («Կովկասի արտակարգ կոմիսարը», 1978 թ.), դիմակավորների հանրության իրական զոհ Արբենինով («Դիմակահանդես», 1983 թ.), գահատենչությունը դիվանագիտորեն ազգային փրկությանը միահյուսած Բոլինգբրոկով («Ռիչարդ Երկրորդ», 1984 թ.)։ Լռություն «խաղալու» նախանձելի խորհրդանիշ (1 ժամ, 10 րոպե) դարձավ նրա` ապագան սթափ կանխատեսող, հարուստ ներքինով Սագադեևը («13-րդ նախագահը»)։
Տաղանդաշատ երիտասարդների, բազմափորձ ավագների ու գեղագիտական բանիմաց առաջնորդի նվիրյալ համախոհությամբ` շռնդալից ստեղծագործական հաջողության հասավ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը։ Լավագույն ներկայացումները, խաղարկվելով տասնյակ տարիներով, չէին կորցնում ասելիքի հրատապությունն ու հանդիսատեսային հետաքրքրությունը։ Ժամանակին համաքայլ ստեղծագործելով` աբելյանցիներն ամենուր համատարած խոնարհումի էին արժանանում` չընկրկելով անգամ 88-ի ավերիչ երկրաշարժի արհավիրքներից, որոնց հետևանքները, սակայն, չարաղետ դերակատարություն ունեցան։ Համատարած ցուրտն ու խավարը չխնայեցին նաև աբելյանցիներին։
«ԾԵՐԱՑԱԾ ՀԱՄԼԵՏԻ» ԲԵՄԵԼԸ
Լուծարված Սունդուկյանի թատրոնը վերընձյուղելու առաքելությամբ երբ մայրաքաղաք տեղափոխվեց Վահե Շահվերդյանը, անկատար մնացին բեմադրական մի շարք հրաշալի մտահղացումներ։ Հրաժարվելով երախտամոռ գտնվելուց իրեն սիրած ու ամեն ինչ տված քաղաքին` նա մնաց թատրոնում։ Մի քանի տարի փորձեց տնօրինել` ամենաանարև ժամանակներում, խաղացանկային քաղաքականությունը զարգացնել ինքնուրույն բեմադրություններով (Ա. Աղասարյան - «Անառակ հոր վերադարձը», Ա. Պապայան - «Արտասահմանյան փեսացու», Հ. Մաթևոսյան - «Աշնան արև»)։
ՈՒնենալով հերոսական ու դրամատիկ լուրջ կերպարների դերակատարի համարում` քանիցս հավաստեց գրոտեսկային կերպավորումների ներուժը մի քանի դերերով (Շմավոն-«Կարուսել», Քսանթոս-«Եզոպոս»)։ Պարտքի սրված գիտակցությամբ էլ Սոս Սարգսյանի աջակցությամբ 2003-ին հիմնադրեց ԵԹԿԻ-ի Վանաձորի մասնաճյուղը։ Կազմակերպչական հոգսերով բազմազբաղ` 2000-ից հազվադեպ բեմ բարձրացավ, կլանվեց մանկավարժական գործունեությամբ։
Վահե Շահվերդյանի աստիճանական վերադարձով բորբոքվեց նաև Ազիզյանի դերամարմնավորման կիրքը, որի առաջին արտահայտությունն ուշացած սիրո դատապարտված Անդրեն եղավ (Նելլի Շահնազարյան, «Իմ ծաղկած դեղձենի»)։ Իր իսկ առաջարկությամբ էլ Շահվերդյանը ձեռնարկեց Շեքսպիրի «Լիր արքան», որն արդեն նորաշունչ ուրույն բեմատիպար ստացած` առաջնախաղն է տոնում։ Երբեմնի բարձր վարկանիշին ստեղծագործական հարափոփոխ խմբին վերադարձնելուց զատ` Շահվերդյանի այս նոր բեմադրությունը որոշակիորեն մեղմում է Հայաստանի ժողովրդական արտիստ (2004 թ.) Հակոբ Ազիզյանի «համլետապապակը»` դեռևս Պետրոս Ադամյանից եկող բնորոշմամբ. «Լիրը ծերացած Համլետն է»։ Դեռ ինստիտուտի առաջին կուրսից մտապատկերում անհանգիստ խլրտացող թանկագին երազանք։
Շուրջ 200 անուններով ձևավորված դերացանկում մոտ կեսդարյա բեմական տարեգրության մեջ չկա որևէ մեկը, որ տապալած լինի իրապես ժողովրդական արտիստը։ Վստահ եմ, ողջ կուտակած իմաստնությամբ, ներկայացումից ներկայացում ներքին խռովքի ինտելեկտուալ իր խաղաոճով վարակիչ համոզչականությամբ բեմում կկենդանացնի քսանմեկերորդ դարասկզբի Լիր արքայի ողբերգական ճակատագիրը ևս։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4787

Մեկնաբանություններ